11:00 | 20.04.21 | Նորություններ | 1218
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»:
Այցի ընթացքում Հայկ Չոբանյանը կարեւորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց. «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա տասը տարիների ընթացքում պետք է վերականգնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը»,- ընդգծել է նախարարը:
«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նախարարներին հանգամանորեն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները: Վերջինս մասնավորապես նշել է, որ շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաքում» սկսվելու են հունիս-հուլիս ամիսներին՝ 7 ռեզիդենտ ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ գիտելիքի մասով ծրագիրը բավականին հաջող է ընթանում, իսկ արտադրության հետ կապված դեռեւս որոշակի անելիքներ կան:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ շոշափելի արդյունք արձանագրելու համար հարկավոր է ֆիքսել բոլոր դերակատարներին, աշխատանքային ծրագիր կազմել, հստակեցնել անելիքները եւ առաջիկա շաբաթներին գործողությունների ծրագիր մշակել:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջարկել է իր գերատեսչության աջակցությունը «Ինժեներական քաղաքի» միջազգային համագործակցության հետ կապված խնդիրները լուծելու համար։ Նա նշել է, որ մի շարք ֆրանսիական եւ այլ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրվածություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծ է մշակվել: Նախարարն առաջարկել է քննարկել «Ինժեներական քաղաքի» եւ «Արդյունաբերական պարկի» հնարավոր համագործակցության շրջանակները:
Գործընկեր նախարարները, բարձր գնահատելով մեր երկրում ինժեներիայի եւ գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման հնարավորությունը, պատրաստակամություն են հայտնել միավորելու ուժերը՝ երկրի համար կարեւորագույն ծրագրի իրականացման գործընթացում:
Վերջում նախարարները շրջայց են կատարել «Ինժեներական քաղաք»-ում, ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաեւ տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների համար: