13:18 | 25.03.21 | Նորություններ | 1410

Օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունման միասնական էլեկտրոնային հարթակ կստեղծվի

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ կստեղծվի: Օրինագիծն ընդունվել է այսօր կայացած Կառավարության նիստում:

Արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու եւ աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։

Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների եւ աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները եւս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։

Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաեւ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները։

Ժամանակավոր կացության կարգավիճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել եւ աշխատել 180-ը գերազանցող ժամանակահատվածով։ Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ եւս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն։

Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների եւ միջազգային պայմանագրով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու եւ մերժելու իրավասությունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին։

Հավելենք, որ ընդլայնվելու է եւ որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը։ Ընդ որում, որոշ դեպքերում օտարերկրացիները կարող են աշխատել նաեւ միայն մուտքի վիզայի հիման վրա, օրինակ՝ մինչեւ 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկական անձնակազմը, կատարողները եւ այլն։