11:42 | 25.02.21 | Նորություններ | 2479
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,45%-ը 2020-ին ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,06%, իսկ Ադրբեջանում՝ 1,51%:
2019-ին Հայաստանում օգտատերերի 0,90%-ը բախվել է իրենց համակարգիչներում այն բանկային տրոյական ծրագրերի գործարկման փորձերի, որոնք նախատեսված են բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով դրամական միջոցների գողության համար:
Նույն ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 1,10%-ը եւ Ադրբեջանում՝ 1,40%-ը: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Ուզբեկստանի (10,4%), Թուրքմենստանի (8,6%) եւ Տաջիկստանի (7,5%) օգտատերերը:
2020-ին հետ են մղվել աշխարհի 668 619 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ծրագրային ապահովման գործարկման փորձեր, իսկ 2019-ին՝ 766 728-ի։
Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու եւ փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի՝ իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ եւ ֆիշինգ, ինչպես նաեւ ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային եւ կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին։
Տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի խոցելիությունները եւ դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով թարմացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար եւ ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։