11:32 | 24.02.21 | Նորություններ | 2576
«Գիտուժ» նախաձեռնությունը մեկնարկել է առցանց ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայաստանում գիտության զարգացմանը:
Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ:
«Մենք՝ «Գիտուժ» նախաձեռնության անդամներս, աշխատում եւ պայքարում ենք Հայաստանում գիտության վերածնման եւ զարգացման համար։ Գիտակցելով հզոր գիտական ներուժի առաջնահերթությունը երկրի անվտանգության եւ թռիչքային զարգացման համար՝ մենք դիմում ենք Կառավարությանը եւ Ազգային ժողովին հետեւյալ պահանջով.
Հարգելի՛ որոշում կայացնողներ,
Մենք ուզում ենք հավատալ, որ դուք մեզ նման մտածում եք մեր պետության անվտանգ ու բարեկեցիկ ապագայի մասին։ Դուք անվերջ խոսում եք գիտության մասին՝ շեշտելով, որ այն պետության անվտանգության ու զարգացման հենասյունն է։ Սակայն Կառավարությունը Հայաստանի գիտական գործունեությանը մինչ օրս հատկացնում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտավորապես 0.25%-ը (այնինչ Թուրքիայում այդ թիվը ՀՆԱ-ի 1%-ն է, Իրանում՝ 0.8%-ը, Սինգապուրում՝ 1,9%–ը, Իսրայելում՝ 4,9%–ը): Ինչպե՞ս եք պատկերացնում նման բյուջեով (26 մլն դոլար) գիտության զարգացում։ Մենք գիտնականներ չենք, բայց պարզից էլ պարզ է, որ այս թվերով հզոր գիտություն, այսինքն՝ ուժեղ պետություն չես կառուցի:
Այսօր Հայաստանում գիտության վիճակն օրհասական է:
- Գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների 40%-ը 65 տարեկանից մեծ են:
- Վերջին 30 տարում Հայաստանի գիտաշխատողների թիվը 7 անգամ կրճատվել է։
- Գիտնականի միջին բազային աշխատավարձը ընդամենը 100,000 դրամ է։
- Հայաստանը գիտության վրա ծախսերի ցուցանիշով աշխարհում 91-րդն է:
- ՀՆԱ-ի մոտավորապես 0․25%-ը ցուցանիշով մենք համեմատվում ենք Ուգանդային եւ Բուրունդիին։
Եթե այսպես շարունակվի, 2025 թվականին Հայաստանում գիտությամբ զբաղվող, հետեւաբար՝ գիտություն գրեթե չի լինելու։
Մենք պահանջում ենք անհապաղ ավելացնել գիտության համար պետական հատկացում հետեւյալ սկզբունքով՝
1. 2021թ. առնվազն 50% ավելացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ ուղղելով այն թիրախային գիտական թեմաների ֆինանսավորման ծրագրերի մեջ։
2. ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. - բյուջեի առնվազն 2%, 2023թ. - բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած - բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
Կան գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր, կան սրտացավ եւ մրցունակ մասնագետներ, սպասում ենք միայն Ազգային ժողովի եւ Կառավարության ցանկությանը եւ որոշմանը։
Ժամանակն է բազմաթիվ կրկնվող խոսքերից անցնել կոնկրետ գործողությունների։ Մեր վճարած հարկերը ճիշտ վերաբաշխեք եւ խելամիտ օգտագործեք։ Ավելացրե՛ք գիտության համար պետական հատկացումները՝ ապահովագրելով Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը»։
Նախաձեռնության կազմակերպված ստորագրահավաքին կարելի է միանալ այստեղ: