16:19 | 15.02.21 | Նորություններ | 3403

HuggieBot. փափուկ ռոբոտ՝ գրկախառնության համար

Մաքս Պլանկի խելացի համակարգերի ինստիտուտի եւ Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները ստեղծել են մարդանման ռոբոտ, որը նախատեսված է ջերմ գրկախառնությունների համար:

HuggieBot 2.0–ն ունի փափուկ իրան եւ կրում է ամենօրյա հագուստ, իսկ մարմինը ծածկված է հատուկ ջերմացնող բարձիկներով:

«Մենք որոշեցինք, որ գրկախառնվող ռոբոտը պետք է լինի փափուկ, տաք, մարդու հասակի, հարմարեցնի իր գրկախառնությունները՝ դիմացինի մարմնի չափին եւ դիրքին համապատասխան, եւ ազատ արձակի մարդուն, երբ վերջինս ցանկանա ավարտել գրկախառնությունը», - նշել է նախագծի հեղինակներից Ալեքսիս Բլոկը:

Ռոբոտի ձեռքերի մեջ սենսորներ են ներկառուցված, որոնք կարգավորում են գրկախառնության ուժը եւ որոշում, թե որ պահին է  անհրաժեշտ մարդուն «ազատել գրկախառնությունից»: Երբ նրան մարդ է մոտենում, ռոբոտն ինքն է  առաջարկում գրկել:  



Տարբեր հետազոտությունների միջոցով ռոբոտի հեղինակները փորձում են պարզել, թե արդյոք HuggieBot 2.0-ի հետ գրկախառնությունն օգնում է բարելավել մարդու ինքնազգացողությունը:

Ռոբոտը կներկայացվի մարտին կայանալիք Մարդու եւ ռոբոտների փոխազդեցության (HRI) ACM/IEEE միջազգային կոնֆերանսին: HuggieBot 2.0-ի ստեղծողները չեն բացառել, որ ապագայում կարող է ներկայացվել գրկող ռոբոտի կոմերցիոն տարբերակը: