11:25 | 19.01.21 | Նորություններ | 4236

Renderforest-ը գործարկել է գրաֆիկ դիզայնի նորարարական գործիք

Renderforest ընկերությունը հայտարարել է իր նոր գործիքի՝ գրաֆիկ վիզուալներ պատրաստելու համար նախատեսված հարթակի գործարկման մասին, ինչը սկիզբ է դնում ընկերության գործունեությանը գրաֆիկ դիզայնի ոլորտում։

Թողարկվող հարթակը գործիք կդառնա ընկերության 10 միլիոն օգտատերերի համար, որոնք Renderforest-ի միջոցով արդեն կարողանում են ստեղծել հոլովակներ, լոգոներ, կայքեր եւ մոքափներ:  

Հարթակի գործարկումը համընկնում է ընկերության 5-ամյակի, ինչպես նաեւ կայքի գործիքների միջոցով 30 միլիոներորդ նախագծի ստեղծման հետ։

Գրաֆիկ դիզայնի նորաստեղծ գործիքի օգնությամբ օգտատերերը կկարողանան րոպեների ընթացքում բարձրորակ վիզուալներ ստանալ։ Դիզայն ստեղծելու համար պետք է ընտրել շաբլոնը, ձեւափոխել այն եւ ներբեռնել վիզուալը՝ նախընտրած ձեւաչափով։ Հարթակը տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները հեշտությամբ դիզայն ստեղծելու, դրանց տեսքն ու չափը փոփոխելու, ինչպես նաեւ ստեղծված նախագծերի գրադարանը համակարգելու համար։ Լուսանկարների գրադարանը, ֆոնտերի ընտրությունը, հարյուրավոր դիզայն շաբլոններն ու այլ գործիքները հնարավորություն են տալիս ստեղծել սեփական կարիքներին համապատասխանող պրեզենտացիաներ, թռուցիկներ, բիզնես քարտեր, բրոշյուրներ, տոմսեր, հրավիրատոմսեր, սոցիալական ցանցերի համար նախատեսված գրաֆիկաներ եւ տարատեսակ այլ վիզուալներ։


Ընկերությունում նշում են, որ հարթակի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավորինս պարզեցնում է խոշոր սոցիալական ցանցերի համար հարմար չափսերի նկարներ ստեղծելը։ Օգտատերերը կարող են ընդամենը մի քանի հպումով փոփոխել իրենց ստեղծած վիզուալի չափը՝ համապատասխանեցնելով այն Facebook-ին, Instagram-ին կամ YouTube-ին։

Renderforest-ի նոր պրոդուկտի առանձնահատկություններից է «Փորձել այլ դիզայն» ֆունկցիոնալությունը։ Այն նախատեսված է օգտատերերի ժամանակն ավելի խնայելու համար, եւ թույլ կտա պահպանել ստեղծվող վիզուալների ոճային հետեւողականությունը։

Ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը վստահ է, որ գործիքն օգտակար կլինի տարատեսակ ոլորտներում աշխատող անհատների համար, քանի որ հնարավորինս պարզեցնում է ստեղծագործական գործընթացը։

«Renderforest-ի տեսլականը միշտ եղել է բրենդավորումը հասանելի դարձնել բիզնեսների համար եւ օգնել նրանց խնայել ժամանակն ու ռեսուրսները։ Մեր նպատակն է, որ բրենդի ստեղծումն ու զարգացումը պարզ լինի գրեթե բոլորի համար»,- նշում է նա:

Renderforest գրաֆիկ դիզայն գործիքը անվճար հավելում է արդեն իսկ գործող բաժանորդագրման բոլոր փաթեթներին, սակայն պրեմիում որակի վիզուալներ ներբեռնելու հնարավորություն ունեն միայն Lite, Amateur, Pro եւ Agency փաթեթների բաժանորդները։
Բաժանորդագրության գինը սկսում է ամսական ֏3900, ինչը գործիքը հասանելի է դարձնում ինչպես փոքր ստարտափների, այնպես եւ մեծ ընկերությունների համար։ Հավելյալ տեղեկություն կայքի գործիքների, ինչպես նաեւ գնացուցակի մասին հասանելի է այստեղ:

Renderforest-ը բոլորը մեկում բրենդավորման հարթակ է, որն օգտատերերին տրամադրում է օնլայն գործիքներ՝ րոպեների ընթացքում բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ եւ կայքեր ստեղծելու համար։ Օգտատերերը կարող են սկսել բրենդավորումը լոգո ստեղծելով, բարձրակարգ մոքափների միջոցով ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայններ, պատրաստել գովազդային հոլովակներ եւ անիմացիաներ, ստեղծել տարատեսակ գովազդային վիզուալներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարող եք նախագծել բազմաֆունկցիոնալ եւ պրոֆեսիոնալ վեբ կայք։