17:39 | 29.12.20 | Նորություններ | 5891

ՀՀ ԲՏԱ նախարարությունը համակարգիչներ է տրամադրել սահմանամերձ Բերդի դպրոցին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում, հանդիպել է Կոստյա Մարդանյանի անվան N 3 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների հետ։

Տեխնոլոգիական կրթությունը նոր հիմքերի վրա դնելու նպատակով՝ նախարարության կողմից որպես նվեր դպրոցին է փոխանցվել 13 համակարգիչ, որից 8-ը՝ համակարգչային դասարանին, 5-ը՝ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիային:


Նախարարը շրջայցի ընթացքում զրուցել է դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաների ուսուցիչների եւ աշակերտների հետ։ Հակոբ Աշակյանը ընդգծել է տեխնոլոգիաների զարգացման կարեւորությունը Հայաստանի առաջընթացի համար, եւ որ դրան հասնելու համար դպրոցում պետք է լավ սովորեն, հատկապես բնագիտական ուղղություններով հիմնավոր գիտելիքներ ունենան, ընտրեն մասնագիտություններ՝ տեխնոլոգիական ուղղություններով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ ապագայի բարձր ցուցանիշների գլխավոր հիմնասյունը դպրոցն է։ Դպրոցական տարիքից պետք է հնարավորություն ստեղծվի ծանոթանալու, սովորելու եւ խորանալու տեխնոլոգիաների հետաքրքիր ու բազմազան մասնագիտություններում։
 
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, կարեւորել է դպրոցում համակարգիչների համալրումը, ընդգծել, որ այն լավ հնարավորություն է թե՛ դպրոցի, թե՛ «Արմաթ» լաբորատորիաների սաների համար՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու եւ նախագծեր իրականացնելու համար։