16:15 | 14.12.20 | Նորություններ | 33827
Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:
Օլիմպիադայի 1-ին փուլը ներգրավել էր 370 մասնակցի տասը երկրից. Հայաստան, Արգենտինա, Բրազիլիա, Եգիպտոս, Պերու, Ռուսաստան, Սերբիա, ԱՄԷ, Ուկրաինա ու Վիետնամ: Հայաստանի թիմը ներկայացված էր 44 ուսանողների կողմից: Թվով 28 մասնակիցներ ընտրվել էին մասնակցելու եզրափակիչ փուլին: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ առցանց՝ «Zoom» հարթակի միջոցով, դեկտեմբերի 8-ին:
Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները պարգեւատրվեցին մրցանակներով` մրցանակաբաշխության հատուկ արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին` կրկին առցանց «Zoom» հարթակի միջոցով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Սինոփսիս Արմենիայի» նախագահ դր. Երվանդ Զորյանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:
Աշխարհի 45 առաջատար մասնագետներից բաղկացած միջազգային կոմիտեի կողմից ընտրված հաղթողներն են.
• 1-ին տեղ՝ Նովակ Ռադիվոեւիչ, Սերբիա
• 2-րդ տեղ՝ Սուրեն Աբազյան, Հայաստան
• 3-րդ տեղ՝ Ժաննա Խոջայան, Հայաստան
• 3-րդ տեղ՝ Էդուարդո Պիկլեր Ֆրոնզա, Բրազիլիա
• 3-րդ տեղ՝ Դոան Վան Հիեու, Վիետնամ
Առաջին տեղի մրցանակը հանձնեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, երկրորդ տեղի մրցանակը՝ Սինոպսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսաելյանը եւ երրորդը՝ Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։
Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցաբար: «Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը Վիվա-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորն է Հայաստան Համահայկական հիմնադրամը:
«Ոգեւորիչ է այն, որ անգամ այս դժվարին օրերին մեր երիտասարդ սերնդի ոգին անպարտելի է: Այս օլիմպիադան միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների, ովքեր ստեղծելու եւ արարելու են ավելի նորարարականը, ավելի լավն ու ավելի հզորը: Տարիներ շարունակ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է օլիմպիադայի իրականացմանն ու նպաստում տեխնոլոգիայի եւ գիտության զարգացմանը Հայաստանում»,- նշել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«2006-ին հիմնադրված օլիմպիադայի նպատակներից է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների ճանաչումը, գնահատումն ու ոգեւորումը»,- ասել է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը: «Այս օլիմպիադան կարեւոր դեր ունի միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ եւ խթանում է այս ոլորտի հետագա զարգացումը Հայաստանում եւ մասնակից երկրներում: Այն նաեւ մեծացնում է միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, ստեղծում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաեւ օգնում է գնահատել մասնակիցների գիտելիքների մակարդակը ՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար»:
«Մենք ուրախ ենք տեսնել երիտասարդ մասնագետների ոգեւորությունն ու խանդավառությունը` մասնակցելու նման մրցույթների: Եվ մեր գերժամանակակից տեխնոլոգիաներն ու առաջատար առցանց հարթակները հնարավորություն են տալիս նման գլոբալ մրցույթներ անցկացնել նույնիսկ այս համաճարակային պայմաններում», - ընդգծել է Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։
Մրցանակաբաշխության մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու «Արհեստական բանականությունն ավտոմոբիլաշինության մեջ» վեբինարին, որը վարեց NXP կիսահաղորդիչներ ընկերության գործադիր փոխնախագահ դոկտոր Գեւորգ Քեշիշյանը: Նման վեբինարները երիտասարդ մասնագետներին մեծ հնարավորություն են տալիս ձեռք բերել առավել արդի տեղեկատվություն Սիլիկոնյան հովտում տեղի ունեցող առաջադեմ տեխնոլոգիական վերջին զարգացումների մասին: