14:21 | 11.12.20 | Նորություններ | 33616
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրում ընդգրկված Սյունեցի Հարությունյանների ընտանիքն ամռանը շինարարություն է սկսել:
Թեեւ համավարակը խանգարել է կամավորական խմբերով Հարությունյաններին աջակցելու՝ գործընկերների պատրաստակամությանը, սակայն անհրաժեշտ աջակցությունը հետեւողականորեն ցուցաբերվել է:
Բետոնածածկ հատակ, առանց կոմունալ հարմարությունների կիսակառույց շինություն եւ խոնավ, փոքրիկ սենյակում մանկահասակ երկու երեխա մեծացնելու դժվարին կյանք: Հարությունյանների ընտանիքը 25 տարի ապրել է նման պայմաններում: Երիտասարդ ամուսինները, տարիներ շարունակ ձգտել են տարբեր լուծումներով հեշտացնել իրենց կյանքը: Արցախյան առաջին պատերազմի պատճառով, 90-ականներին լուրջ խնդիրներ ձեռք բերած տանտերը՝ Արտաշեսը, փորձել է կիսակառույցը քարե լիարժեք տուն դարձնել: Թեեւ դա նրան չի հաջողվել, սակայն ընտանիքը չի կորցրել հույսը: Սահյանական շնչով լցված հայրենի՝ Լոր գյուղում ամրանալու ձգտումը, չհուսահատվելու լուրջ պատճառ է դարձել:
Սյունեցի ընտանիքի երազանքների տունը կառուցվել է՝ նրանց ազատելով տարիների հոգսերից: Տանտիրուհին՝ Օֆելյան, սպասում է աշնանը կամավոր Արցախ մեկնած որդու վերադարձին՝ վերջին շատ փոքրիկ լրացումներն անելու եւ ընթացիկ տարին ճանապարհելու համար:
Նոր կառուցված տունն ունի բոլոր հարմարությունները: Նախկինում ունեցած մեկի փոխարեն, ընտանիքն այժմ լուսավոր ու հարմարավետ չորս սենյականոց բնակարան ունի: Միանգամից մեծացած տարածքում մեծ է նաեւ հյուրեր ընդունելու ցանկությունը: Տանտերերը ցանկալի հյուրերից մեկին՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին ընդունել են տեսազանգով:
«Ժամանակն ու հանգամանքները թույլ չտվեցին ֆիզիկապես միանալ ձեզ, բայց կարեւորն արդյունքն է: Այսօր դուք ունեք այն տունը, որը երազել եք: Մի խնդրանքով եմ դիմում ձեզ. «տուն» ասելիս երբեք չսահմափակվեք այն տարածքով, որտեղ ապրում եւ գիշերում եք: Ձեր սիրով, այգում արվող աշխատանքով, մտքերով, գործերով ու երազանքներով փայփայեք ձեր գյուղը, հողը, Հայրենիքը: Այն բոլորիս տունն է եւ պարտավոր ենք միասին, հոգատարությամբ լցնել յուրաքանչյուր անկյունը: Խնդիրները հաղթահարելի կլինեն, երբ լինենք միասնական, ապրենք հավատով եւ կոնկրետ գործող նվիրվենք երազանքների իրականացմանը: Ձեզ դա հաջողվել է քսանհինգ տարվա սպասումից հետո: Նույն նվիրումով ու սիրով շարունակեք ապրել հայրենի գյուղում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու եւ տան խնդրի առջեւ կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 230 մլն դրամ։
Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 96 ընտանիք: