11:28 | 26.11.20 | Նորություններ | 2397

Ֆրանսիան միջազգային խոշոր ՏՏ ընկերություններից պահանջում է թվային հարկ վճարել

Ֆրանսիայի հարկային մարմինները սկսել են ծանուցումներ ուղարկել երկրում գործող միջազգային խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին՝ հիշեցնելով անցնող տարվա թվային հարկը վճարելու անհրաժեշտության մասին:

Financial Times-ի փոխանցմամբ, Facebook-ն ու Amazon-ն արդեն ստացել են նման ծանուցումներ:

2019թ. Ֆրանսիայի իշխանություններն ընդունեցին թվային ծառայություններ մատուցող ընկերությունների հարկման մասին օրինագիծը: Երկրի Էկոնոմիկայի եւ ֆինանսների դեպարտամենտը որոշեց, որ սխալ է, երբ տեխնոլոգիական ընկերությունները շահույթ ստանալու նպատակով օգտվում են ցածր կորպորատիվ հարկերից, քանի որ իրականում ստանում են շահույթ մի երկրում, իսկ հարկային պարտավորություն ունեն այլ երկրում:  

Նշվում է, որ այն ՏՏ ընկերությունները, որոնք առցանց վաճառքով (օրինակ՝ Amazon, Uber, Airbnb), կամ գովազդային բիզնեսով են զբաղվում, եւ որոնց տարեկան շրջանառությունն աշխարհում գերազանցում է 750 մլն եվրոն, իսկ Ֆրանսիայում՝ 25 մլն եվրոն, կհարկվեն իրենց շահույթի 3%-ի չափով: