11:43 | 24.11.20 | Նորություններ | 2345

Նիկոլ Փաշինյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ նախօրեին աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում եւ նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական եւ մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին եւ զարգացման հնարավորություններին:

Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը եւ մարտագլխիկները:

Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային եւ ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ եւ հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու եւ ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները:

Վարչապետը կարեւորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը եւ տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային եւ զինատեսակների ընդլայնման առումներով: