14:29 | 13.11.20 | Նորություններ | 3467

ԿԳՄՍ նախարարություն. Կապի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում  այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները:

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom եւ Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաեւ անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել եւ ներկայացվել է դեռեւս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաեւ Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաեւ համայնքի մասնակից այլ ուսուցիչներ։  

Օգոստոսին պատրաստվել եւ ներկայացվել է նաեւ մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը:  Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ եւ թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին: Նշյալ համայնքում եւս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի եւ համայնքի մասնակից ուսուցիչները»:

Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարելի է հետեւել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից: Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ