14:11 | 03.11.20 | Նորություններ | 3484
«Ինժեներական քաղաք» (ԻՔ) ծրագրի շրջանակում հայտարարվել է ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդուման մեկնարկի մասին:
Ծրագրին կարող են դիմել նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների եւ համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների եւ համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների եւ համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաեւ կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։
Ծրագրի մանրամասն նկարագրությունը, մասնակցության այլ չափորոշիչներն, ինչպես նաեւ ծրագրի իրականացման պայմանները հասանելի են այստեղ:
Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու եւ ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով եւ սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաեւ կունենան հասանելիություն համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին եւ արտադրական մեքենաներին։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել info@eif.am էլ.փոստին։
Ինժեներական Քաղաքը տեղակայված է Երեւան քաղաքի Նոր Նորքի Բագրեւանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։
Դիմումի ձեւը հասանելի է այստեղ:
Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ լուծումների եւ արտադրանքի կենտրոն դարձնելուն:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր ձեւաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան մեծացնել արտադրության ծավալները, ինչպես նաեւ արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել եւ իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։