17:05 | 23.10.20 | Նորություններ | 70046
Շուրջ մեկ ամիս ընթացող պատերազմական իրավիճակը համախմբել է համայն հայությանը մեկ նպատակի շուրջ՝ պաշտպանել մեր հայրենիքը՝ երաշխավորելով նրա խաղաղ ապագան։
Սակայն ամենաբարդ ու պատասխանատու գործը բաժին է հասել զինվորին, ով իր կյանքի գնով է պայքարում հանուն հայրենիքի պաշտպանության։
«Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է սահմանին եւ տարածվում թիկունքում։ Ամուր թիկունքը ուժ է տալիս առաջնագծում կռվող զինվորին, որոնցից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ ապագայում իրենք եւ իրենց ընտանիքները ապահով եւ պետության հոգածության ներքո կլինեն։ «Ռոստելեկոմ» ընկերությունը միանում է «Մեկը երկու դարձնենք» նախաձեռնությանը եւ այսուհետ կրկնապատկում է աշխատակիցների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին տրամադրվող ամսական վճարները՝ մեր երկու հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին հատուցումներ տրամադրելու նպատակով։ Ուժ ու եռանդ մեր զինվորներին, եւ թող բոլորը ողջ եւ առողջ վերադառնան տուն»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված եւ վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
2017թ.-ի հունվարի 1-ից Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: Հայաստանում աշխատող անձինք, Հիմնադրամին փոխանցելով ամսական 1000 դրամ, ապահովագրում են զինվորների կյանքը: Դա փոքր շնորհակալություն է այն տղաներին, ովքեր մեզ համար պայքարելիս զոհվել կամ վիրավորվել են եւ այլեւս անկարող են պայքարել իրենց ընտանիքի անդամների ապրուստի համար: Առավել մանրամասն՝ www.1000plus.am