14:38 | 06.10.20 | Նորություններ | 2388

Պատերազմական իրավիճակում տեխնոլոգիական լուծումներ մշակելուն միտված հաքաթոնն ընդունում է հայտեր

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) տեղեկացրել է, որ իր կողմից նախապես հայտարարված ԱՏ համայնքի մոբիլիզացիայի շրջանակներում, նախատեսվում է անցկացնել 24-ժամյա հաքաթոն՝ ստեղծված պատերազմական իրավիճակում համապատասխան տեխնոլոգիական լուծումներ մշակելու համար։

Հաքաթոնը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 16:00-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը, ժամը՝ 17:00-ն, Մերգելյան ինստիտուտի տարածքում գտնվող «Երեւան Էքսպո» կենտրոնում։

Մասնակիցները կարող են ընտրել հետեւյալ երեք թեմատիկ ուղղվածությունները, որոնց շուրջ կմշակվեն լուծումներ՝

1) տեղեկատվական անվտանգության իրազեկում
2) սոցիալական ցանցերում հայանպաստ գործունեության ուղեցույց
3) կամավորների հետ առանցքային նախագծերը կապելու առցանց հարթակ

Հաքաթոնի նպատակը ոչ թե յուրաքանչյուր կատեգորիայի համար հաղթող առանձին թիմ ճանաչելն է, այլ՝ յուրաքանչյուր ոլորտի համար լավագույն լուծում գտնելը, ինչը հնարավորություն կտա թիմերին աշխատել միասին վերջնական լուծումն ստանալու համար:

ԱՏՁՄ-ն կտրամադրի անցկացման վայր, նախուտեստներ եւ  ինտերնետ կապ։ Յուրաքանչյուր թիմ/անձ պետք է ունենա իրեն անհրաժեշտ դյուրակիր համակարգիչ/համակարգիչներ:

Գրանցման հայտը հասանելի է այստեղ: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է, ժամը՝ 10:00-ն: