16:57 | 22.09.20 | Նորություններ | 1938
Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքը՝ զարգացնելով նրանց գործարար կարողությունները եւ բիզնես ցանցերի հասանելիությունը:
Ծրագրի շրջանակում ՄՖԿ-ն՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» միջոցով, իրականացնում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների միջոցով» ծրագիրը, որը նպատակ ունի խթանել կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում, օգնել գնահատել նորարարական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների դերը բիզնեսի զարգացման եւ ընդլայնման մեջ։
Վերջին տարիներին Հայաստանն աշխարհի քարտեզի վրա դիրքավորվում է իր բարձր տեխնոլոգիական ստարտափներով եւ նորարարական լուծումներով։ Այս ծրագրի հիմնական մարտահրավերն է խթանել կին ձեռներեցների կողմից հիմնադրված սկսնակ ընկերությունների զարգացումը, հզորացումը եւ ընդլայնումը համաշխարհային շուկաներում։
Նշված նպատակների իրականացմանն ընդառաջ մեկնարկում է ծրագրի աքսելերացիոն փուլը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում՝ «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը, 23:59: Ծրագրի մանրամասներին ու դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Ամփոփելով բութքեմփի արդյունքները, կարող ենք արձանագրել, որ ծրագիրն արդեն իսկ կատարել է իր հիմնական առաքելությունը, քանի որ ստեղծվեցին նոր թիմեր, ձեւավորվեցին նորարարական գաղափարներ՝ ավանդական ոլորտներում: Աքսելերացիոն փուլի նպատակն է առավել թիրախավորված աշխատանքի միջոցով խթանել տեխնոլոգիական լուծումների մուտքն ավանդական ոլորտներ»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:
Ծրագրի բութքեմփի փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներից բացի, աքսելերացիոն փուլին կարող են դիմել նաեւ նոր մասնակիցներ, այդ թվում՝
- Կանանց կողմից հիմնադրված նորաստեղծ ընկերություններ (առավելագույնը հինգ տարվա գործունեությամբ),
- Կին ձեռներեցների կամ մասնագետների թիմեր, որոնք ունեն սեփական ստարտափը ստեղծելու եւ հաջողակ բիզնեսի վերածելու պատրաստակամություն,
- Ավանդական ոլորտներում ձեռնարկության հիմնադիր կամ համահիմնադիր կանայք, ովքեր նպատակ ունեն տեխնոլոգիական եւ նորարարական լուծումները ներդնել իրենց բիզնեսում:
Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝
- Մենթորների եւ փորձագետների հետ հանդիպումներ՝ աճի փուլում գտնվող թիմերի հետ (ՓՄՁ-ներ),
- Բիզնես եւ տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, անհատական (one-on-one) եւ մենթորների հետ հանդիպումներով՝ գաղափարի փուլում գտնվող թիմերի հետ։
Ծրագրի ավարտին լավագույն 5 թիմերը կստանան 1 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ իրենց նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար: