11:11 | 18.09.20 | Նորություններ | 1891
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault Systèmes») ընկերության ղեկավարության հետ:
Ընկերության գործադիր փոխնախագահ Ֆլորենս Վերզըլենի ու փոխնախագահ Ժակ Բելտրանի, ընկերության կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի եւ միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն, Հայաստանի հետ փոխգործակցության հարցերով պատասխանատու Մարիոն Միլոսեւիչի հետ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Դասո սիստեմս»-ի կողմից մշակված հատուկ կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գիտատեխնոլոգիական եւ կրթական ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում գործակցության կոնկրետ ուղղությունները, հատկապես հեռանկարային են համարվել արհեստական բանականության, տվյալների կառավարման, մաթեմատիկական մոդելավորման եւ մի շարք այլ ոլորտներ:
Համաշխարհային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ «Dassault Group»- մեջ մտնող «Դասո սիստեմս»-ը մասնագիտացած է ռազմարդյունաբերական, ավիացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի համար ծրագրային ապահովումների եւ տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման մեջ: