17:33 | 03.09.20 | Նորություններ | 2550
Մեկնարկել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլի գրանցումը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 7-ը։
Այս տարի Covid-19-ի համավարակի պատճառով տեղի չի ունենա ՌՀՕ-ի միջազգային փուլը, սակայն հաշվի առնելով բազմաթիվ արձագանքները՝ «Այբ» կրթական հիմնադրամը որոշեց կազմակերպել այս մեծ ռոբոտաշինական իրադարձության ազգային փուլը նոր ձեւաչափով, որն առցանց եւ իրական փուլերի համակցում է:
Մրցույթին կարող են մասնակցել 10-19 տարեկան աշակերտները թիմերով: Մրցույթը զարգացնում է երեխաների վերլուծական մտածողությունը, ստեղծագործելու եւ խնդիրներ լուծելու հմտությունները, հնարավորություն տալիս ռոբոտների օգնությամբ ստանալու մեր ժամանակների ամենաարդիական հարցերի պատասխանները։
Այս տարվա թեման Երկիր մոլորակի համար խիստ արդիական՝ կլիմայական եւ COVID-19-ով պայմանավորված մարտահրավերներն են: Մանրամասներին եւ խնդիրներին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Ազգային մրցաշարի ժամանակ խաղարկվելու են ոչ միայն ՌՀՕ-ի միջազգային փուլի համար նախատեսված խնդիրները, այլեւ առաջադրանքների նոր՝ «Լեգոստարտ» մակարդակ, որի նպատակն է հնարավորություն տալ սկսնակ թիմերին փորձ ձեռք բերելու եւ հետագայում մասնակցելու նաեւ մրցաշարի մյուս մակարդակներին։
«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է մրցույթ «Լեգոստարտ» մակարդակի այն մասնակիցների համար, որոնք չունեն Lego Mindstorms EV3/NXT հավաքածուներ: Ընտրության փուլն անցած 3 թիմ նվեր կստանա վերոնշյալ հավաքածուն, իսկ մնացած թիմերն անվճար կմասնակցեն Lego-ի հավաստագրված մարզչի կողմից անցկացվող դասընթացին։ Մանրամասները ներկայացված են հայտադիմումի մեջ: «Լեգոստարտ» մակարդակի Lego հավաքածուների մրցույթի գործընկերն է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությունը։