17:43 | 02.09.20 | Նորություններ | 1837

Փոխվարչապետը՝ կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների գործառույթների մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տեղեկատվական եւ կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն:

Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ:

Նա նշել է, որ անհրաժեշտ է առավել հստակեցնել տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների  գործառույթները ու պարտականությունները, աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային եւ ապարատային ապահովման,  պետական ծառայողների համար կրթության եւ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։