13:24 | 26.08.20 | Նորություններ | 1660

Երիտասարդ գիտնականները կարող են դիմել Ասպիրանտների աջակցության ծրագրին

ՀՀ համալսարանների ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտները կարող են մասնակցել PMI Science-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության 2020 թվականի ծրագրին (PhD Support Program)։  

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում եւ օժանդակություն իրենց հետազոտական եւ գիտական նախագծերի համար։ Կֆինանսավորվեն մինչեւ 10 ասպիրանտներ՝ ամսական 362,490 ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը եւ այլ պարտադիր վճարները)։

Ֆինանսավորումը կտրամադրվի առավելագույնը 12 ամիս՝ առաջընթացի գնահատման հիման վրա, որը կկատարվի 4 ամիսը մեկ։ Ծրագրով ընտրված ասպիրանտները նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր միջոցառումների եւ համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, ժ. 23։59։ Լրացուցիչ տեղեկություններին եւ դիմելու կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ:

Նշվում է, որ այս տարի Ասպիրանտների աջակցության ծրագիրը նվիրվում է ականավոր երիտասարդ գիտնական Հրայր Ազիզբեկյանի հիշատակին, ով Հայաստանում գիտության զարգացման եւ հետազոտությունների առաջամարտիկներից էր։

Ներկայացվող հետազոտական աշխատանքները պետք է վերաբերվեն հետեւյալ ոլորտներին՝ Մաթ. մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի եւ փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական եւ համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։

2018 թվականից մինչ օրս Ասպիրանտների աջակցության ծրագրից օգտվել են 10 համալսարանների եւ հետազոտական ինստիտուտների 20 ասպիրանտներ՝ գրանցելով առաջընթաց եւ հաջողություններ իրենց հետազոտություններում։