15:56 | 21.08.20 | Նորություններ | 1747

Նոր հնարավորություն Սփյուռքի եւ Հայաստանի ստարթափների համար

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, GIZ իրավական գլոբալ ծրագիրը եւ Իմփաքթ Հաբ Երեւանը համատեղ մեկնարկում են բոլորովին նոր միջազգային պիլոտային ծրագիր՝ GovTech Launchpad-ը:

Ինչպես հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այն բացառիկ է իր ձեւաչափով՝ նպատակ ունենալով ստարթափների եւ հանրային սեկտորի միջեւ համագործակցությամբ նորարական լուծումներ ստեղծել վերջինիս խնդիրների համար։

Ծրագրի շրջանակում նորարական ստարթափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք կաջակցեն Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայերին կամ արդեն իսկ  հայրենադարձված անձանց:

GovTech Launchpad-ը բաց է Հայաստանում եւ աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարթափների համար: Մասնակից  թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ, վստահություն, որ իրենց գաղափարները կօգնեն սփյուռքահայերին, եւ պատրաստակամություն Հայաստան տեղափոխվելու համար:

Ընտրված 4 թիմերից յուրաքանչյուրը կստանա ֆինանասական աջակցություն իրենց արտադրանքը զարգացնելու նպատակով: Ծրագիրը կունենա նաեւ 2-րդ փուլ:

«Մրցանակային պարգեւից բացի՝ նախագիծը առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգը, որն իր մեջ ներառում է անհատական մասնագիտական խորհրդատվություն, մենթորություն, անդամակցություն, 250+ ստեղծարար եւ նորարական անդամների մասնակցությամբ միջոցառումներ, դասընթացներ, կապ 100+ Իմփաքթ Հաբերի հետ ողջ աշխարհում, ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառելու է թրեյնինգներ եւ դասընթացներ GovTech ոլորտի, բիզնեսի, տեխնոլոգիաների եւ նորարարության մասին եւ բազում այլ հնարավորություններ, որոնք կաջակցեն զարգացնել ստարթափների գաղափարները եւ պրակտիկ լուծումներ տալ դրանք իրագործելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վերջնարդյունքում՝ մասնակիցները հնարավորություն կունենան կերտել նոր  լուծումներ Հայաստանի կառավարության, սփյուռքահայության եւ հայրենադարձների համար, պահպանել իրենց արտադրանքի մտավոր սեփականության իրավունքը եւ ստանալ միջազգային հարթակում այն տարածելու հնարավություն, հաստատել երկարաժամկետ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Ծրագրին դիմելու համար պետք է այցելել այս հղմամբ: Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը՝ ժամը 23:59։

GovTech Launchpad-ի բոլոր հնարավորությունները ներկայացնելու համար օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը եւ հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը ուղիղ միացմամբ կմանրամասնեն ծրագիրը: Քննարկումը տեղի է ունենալու ZOOM հարթակում, որին միանալու եւ հարցեր ուղղելու համար կարող եք այցելել այս հղմամբ:

Ծրագրի ներկայացումը հասանելի կլինի նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում