12:44 | 12.08.20 | Նորություններ | 14391

Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների հիմնադրամին

Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության ուղղությունը եւ արդիականությունը։ Որոշումն ընդունվել է Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների կողմից իրականացված անվճար SMS-քվեարկության եւ զանգերի միջոցով հավաքագրված արդյունքների հիման վրա։

Անանուն SMS-քվեարկությունն իրականացրել է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը՝ 1004 կարճ համարին գումարի տնօրինման վերաբերյալ բաժանորդների կարծիքը հավաքագրելու միջոցով։ 105 մլն դրամը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցելու օգտին քվեարկել է բազմահազար բաժանորդների 74.85 %-ը, իսկ գումարը բաժանորդների միջեւ բաշխելու օգտին՝ 25.15 %։

«Չնայած ընկերության համար այս բարդ ժամանակահատվածին՝ մեծ թվով աշխատակիցների միաժամանակյա հեռանալուն, տեխնիկական եւ ֆինանսական մարտահրավերներին, ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրել բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մենք չէինք ցանկանա, որ ներքին գործընթացների եւ կարգավորման աշխատանքների հետեւանքները տեսանելի դառնային բաժանորդների համար, ինչի համար ներողություն ենք խնդրում։ Մենք իսկապես երախտապարտ ենք մեր բաժանորդներին դրսեւորած համբերատարության, ցուցաբերած ըմբռնման եւ հավատարմության համար, իսկ դրամական միջոցների հատկացման վերաբերյալ որոշումն էլ շնորհակալություն հայտնելու մեր տարբերակն է»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։