14:19 | 05.08.20 | Նորություններ | 3459
Օգոստոսի 4-ին մեկնարկել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի նպատակն է դառնալ Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության հարթակ:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ:
Բացման առցանց միջոցառման ժամանակ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանն ասել է, որ ծրագրի գաղափարն առաջացել է ՀՀ վարչապետի՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում եւ ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) ժամանակ նախարար Հակոբ Արշակյանի եւ իր առաջարկած գաղափարի շուրջ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը որպես գործընկեր ունենալու հանգամանքը։
«Հայաստանում բազմաթիվ ինժեներներ ունենք, ովքեր իսկապես կարողանում են իրենց ստեղծագործ միտքը զարգացնել եւ ծրագրեր ու պրոդուկտներ ստեղծել, սակայն ինչ-որ փուլում անհրաժեշտ է, որ կապ ապահովվի արդյունաբերական շուկաների եւ այլ ձեռներեցների ու ներդրողների հետ»,- ասել է նախարարը։
Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ Սիլիկոնյան հովտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեղում ձեւավորելու հայկական մասնաճյուղ, որպեսզի հայ ձեռներեցներն իրենց հասցեն ունենան, հանդիպումներ կազմակերպեն, այնտեղի ներդրողների հետ շփվեն, միասին ապրեն եւ աշխատեն, ինչին, սակայն, այս տարի մասամբ խոչընդոտեց կորոնավիրուսը: Նախարարը նշել է, որ այն կիրականացվի հաջորդ տարի: