10:43 | 24.07.20 | Նորություններ | 15275
Հայաստանի ստարտափ ակադեմիան սկսել է «Traction» ծրագրի առաջին շրջանը: 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել։
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։
Հայաստանի ստարտափ ակադեմիա նախաաքսելերացիոն ծրագիրը 5 շրջափուլերի ընթացքում ունեցել է 65 շրջանավարտ ընկերություն։ Ընդհանուր առմամբ, ծրագրի անցկացման 2,5 տարիների ընթացքում ծախսվել է մինչեւ 250 հազար եվրո, այնինչ ծրագրի շրջանավարտները արդեն իսկ ներգրավել են ավելի քան 3 միլիոն եվրոյի ներդրում:
Հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացման հետ մեկտեղ ընկերություններն սկսում են հանդիպել նոր եւ ավելի մեծ դժվարությունների ու մարտահրավերների: «Traction» ծրագրի ստեղծումը պայմանավորված է էկոհամակարգի նման փուլում գտնվող ընկերություններին աջակցող կառույցներ ունենալու պահանջով։
10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի եւ աճի հաքինգի (Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել եւ հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել եւ վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն ներդրումներ ներգարվելու եւ միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Covid-19 համաճարակի պայմաններում ծրագիրը կանցկացվի հեռավար կարգով։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։
Ծրագրում ներգրավված է 9 ստարտափ, որոնք նորարարության թարմ ալիք են բերում կրթական տեխնոլոգիաների, տրանսպորտի, մարդկային ռեսուրների կառավարման, մարքեթինգի եւ այլ ոլորտներում: Դրանք են՝
1. CauldronApp-ը օգնում է ընկերություններին կրճատել դիմորդների դիտարկման եւ հարցազրույցների անցկացման համար նախատեսվող ժամանակը` հավաքագրումը կատարելով չելլենջնեի միջոցով:
2. ConstApps-ը էլեկտրոնային առեւտրի բջջային հավելվածներ ստեղծող ընկերություն է, որը տրամադրում է նաեւ մարքեթինգային լուծումներ հաճախորդների պահպանումն ապահովելու համար։
3. Dowork.ai-ը ծրագրերի տեւողության եւ ծախսերի հաշվարկման ու կանխատեսման հարթակ է։
4. dzook-ը լուսանկարները պատկերազարդ դիմանկարների վերածող տեխնոլոգիա է, որը կարող է կիրառվել վիդեոների մոնտաժի, նկարչական եւ դիզայնի գործիքների 3D անիմացիաների եւ այլ ոլորտների մեջ։
5. Hub Technologies-ը բեռնափոխադրողներին ուղղակիորեն կապում է մատակարարների հետ՝ առանց բրոքերային միջնորդավճարների:
6. LiveBoard-ը առցանց դասավանդման եւ հեռավար ուսուցման ինտերակտիվ գրատախտակի հավելված է:
7. Rentopian-ը բոլորը մեկում ծրագիր է՝ նախատեսված միջոցառումների վարձույթով զբաղվող բիզնեսների կառավարման համար:
8. SmartSender-ը արհեստական բանականության միջոցով մարքեթինգի ավտոմատացման հարթակ է։
9. TabuLearn-ը տվյալագիտության եւ արհեստական բանականության (ԱԲ) ծառայություններ տրամադրող ծրագիր է, որը թույլ է տալիս առկա տվյալների հիման վրա ստեղծել ԱԲ մոդելներ եւ բիզնեսի համար կանխատեսումներ անել։