17:24 | 16.07.20 | Նորություններ | 2886
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան եւ միջազգային տեխնոլոգիական ընկերություններին՝ դիմելու «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր» 2020 ծրագրին՝ մինչեւ հուլիսի 25-ը:
Հայտեր կարող են ներկայացնել Հայաստանում եւ արտերկրում գործող, գաղափարի, նախասաղմնային, սաղմնային եւ զարգացման փուլում գտնվող գաղափարներով ստարտափները, ինչպես նաեւ կայացած ընկերությունները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում: Հայտաձեւը հասանելի է՝այստեղ:
Ծրագրի թիրախում էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի հետեւյալ մարտահրավերներն են՝
- արհեստական բանականությունը (ԱԲ) էներգիայի պահանջարկի կառավարման համար. ԱԲ-ի միջոցով տվյալների վերլուծություն եւ որոշումների կայացում,
- պասիվ եւ խելացի կենսապայմաններ,
- արդյունավետ ջեռուցման եւ/կամ սառեցման լուծումներ. ջեռուցման եւ/կամ սառեցման տեխնոլոգիաներ, որոնք էներգաարդյունավետ են եւ մատակարարվում են վերականգնվող աղբյուրներից,
- ջրածնային էներգիա,
- անկախ էներգացանցին միացած վերականգնվող էներգիայի աղբյուրներ,
- կորուստների կրճատում՝ էներգիայի փոխանցման եւ ձեւափոխման համակարգերում:
16 շաբաթ տեւողությամբ ծրագիրը նպատակ ունի համախմբել տեխնոլոգիական եւ նորարարական գաղափարներ, լուծումներ եւ արտադրանքներ՝ ՄԱԿ-ի Կայուն զագացման նպատակներին համապատասխան էներգետիկ ոլորտի վերափոխման ջանքերին միանալու եւ երկրների էներգետիկ անվտանգությանը նպաստելու համար։