17:19 | 10.07.20 | Նորություններ | 2672

Թումո լաբորատորիաների եւ 42 ծրագրավորման միջազգային դպրոցի կրթական ծրագրերն ակտիվ ընթացքի մեջ են

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թումո լաբորատորիաները եւ ֆրանսիական հայտնի 42 դպրոց անվճար կրթական ծրագրերը, որոնք նախատեսված են 18 տարեկանը լրացած ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են սովորել կամ խորացնել իրենց գիտելիքները տեխնոլոգիաների եւ ինժեներության ոլորտներում, ակտիվ փուլում են:

Արտակարգ դրության պայմաններում Թումո լաբերը կարճ ժամանակահատվածում անցավ նախագծերի հեռավար իրականացմանը։ Այս ընթացքում շարունակվել ու ավարտին են հասցվել արդեն մեկնարկած նախագծերը, ինչպես նաեւ մշակվել են նորերը։

Համագործակցելով տեղական եւ միջազգային ՏՏ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ գերմանական Osensus֊ի հայաստանյան մասնաճյուղը, AOByte֊ը, Healthcare Innovation Center֊ը, TeamViewer Armenia֊ն եւ բրիտանա֊հայկական Viciniti֊ն եւ Garoon Tech-ը, վերջին մի քանի ամիսներին Թումո լաբորատորիաներն իրականացնում է արհեստական բանականության, 3D ծրագրավորման, IoT (Internet of Things), ինչպես նաեւ առողջապահական ոլորտի թվայնացմանն ու գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նախագծեր։

Այստեղ ուսանողները ստեղծում են հավելվածներ եւ ծրագրեր՝ միաժամանակ ստանալով արդիական ու շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ։

«Ինժեներությունը եւ կիրառական գիտությունները ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում Հայաստանի միջնաժամկետ հաջողության բանաձեւի կարեւորագույն գործոններից են: Մինչ ծրագրավորումը շարունակում է մնալ գերակա ուղղություն, այն այլեւս չի կարող լինել նորարարության միակ հիմքը: ԵՄ Թումո համալիրի ռազմավարական նպատակն է ստեղծել արժեք՝ ակտիվ մասնակցություն ունենալով կենսաբանության, նյութագիտության, ճշգրիտ ճարտարագիտության եւ առանցքային այլ տեխնոլոգիաների միջազգային համայնքներում»,- նշում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։

ԵՄ Թումո համալիրի եւս մեկ խոշոր նախագիծ է 42 ծրագրավորման դպրոցը։ Դրա կրթական ընթացքի առաջին փուլը կմեկնարկի արդեն այս տարի, իսկ մինչ այդ տեղի են ունենում ուսանողների ընտրության փուլերը։ Վերջին երեք ամիսների ընթացքում 42 դպրոց է դիմել 2000-ից ավելի մասնակից, որոնցից միայն 450-ը կկարողանա մասնակցել գործնական ընտրական փուլին՝ սեպտեմբերին, իսկ նրանցից էլ 150 հաջողակները կդառնան 42 Երեւանի հիմնական ծրագրի ուսանողներ։

Ինքնուսուցման յուրահատուկ կրթական ծրագրի շնորհիվ 42-ի ուսանողները մոտ 2 տարում դառնում են ծրագրավորման մրցունակ մասնագետներ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույն ժամկետում դպրոցի շրջանավարտների 95%-ից ավելին գտնում է աշխատանք ՏՏ ոլորտում:

Նշենք նաեւ, որ շարունակվում է աշխատանքը համալիրի շենքի նախագծման շուրջ։ Միջազգային ճարտարապետական մրցույթի արդյունքում շինության դիզայնը վստահվել է հոլանդական ճանաչված MVRDV ճարտարապետական ստուդիային։

Համալիրը դառնալու է համագործակցությունների հանգույց, ունենալու է հասանելի ու հանրային բաց տարածք, ինչպես նաեւ լաբորատորիաներ, համաժողովների անցկացման սրահներ, գրասենյակային եւ կոմերցիոն հատվածներ: Շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին։