17:43 | 03.07.20 | Նորություններ | 3810
Inc. Russia պարբերականը ծավալուն հարցազրույց է ներկայացրել PicsArt ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ դրվագներ:
***
Այո, այս իրավիճակի շնորհիվ մենք իսկապես աճ ենք գրանցել, որը չէինք սպասում: Օրինակ, արդեն ապրիլին հարթակում կատարված խմբագրումների քանակն աճեց 15-20%-ով, եւ մենք հատեցինք 1 միլիարդի սահմանը: Իսկ ամսական ակտիվ օգտագործողների թիվը գերազանցեց 150 միլիոնը:
Եկամուտներն աճել են մոտ 5%-ով, իսկ գովազդների ծախսերը կրճատել ենք մոտ 20%-ով: Վերջին երկու ամիսներին աճը գրեթե ամբողջությամբ օրգանիկ է եղել... Այս տարի մենք չէինք ծրագրել շահույթ ստանալ, նախատեսում էինք ավելի շատ ներդրումներ կատարել մարքեթինգի ուղղությամբ եւ բրենդում: Բայց որոշեցինք ամեն ինչ մի փոքր ժամանակով դադարեցնել:
Հիմա, իհարկե, ամեն ինչ լավ է երեւում, բայց ով գիտի, թե ինչ կլինի 3-5 ամիս հետո, երբ տնտեսությունը կզգա տեղի ունեցածի հետեւանքները:
Անցած երեք տարիների ընթացքում մենք միշտ հավասարակշռություն ենք պահել շահութաբերության ուղղությամբ, բայց երբեք եկամտաբեր չենք եղել: Մենք չունեինք այս պահին շահութաբեր ընկերություն ստեղծելու խնդիր, ծրագրերում շուկայի մասնաբաժնի աճն ու մեծացումն է: Հիմա իրավիճակը պարզապես մի փոքր այլ է. նախկինում այսպես երբեւէ չի եղել, եւ պարզ չէ, թե ինչ կլինի հետո: Պետք է հարմարվել:
Ես հաճախ եմ կրկնում Դարվինի խոսքերը, ով ասում էր, որ գոյատեւում են ոչ թե ամենաուժեղ եւ խելացի արարածները, այլ նրանք, ովքեր արագ են հարմարվում:
***
Մեր հավելվածն ունի հետաքրքիր հատկություն. շատերն ասում են, որ այն ոչ միայն օգնում է խմբագրել լուսանկարներ, այլեւ հանգստացնում է: Նույնիսկ դեպք է եղել, երբ բժիշկը PicsArt-ից օգտվելու դեղատոմս է նշանակել իր հիվանդին, որը շատ ճնշված էր: Դա համաճարակից առաջ էր:
***
Մենք ունենք գրասենյակներ տարբեր վայրերում, ունենք բավական մեծ գրասենյակ Պեկինում, եւ ի սկզբանե չգիտեինք, թե ինչպես համավարակի հետ կապված իրավիճակը կազդի նրանց առողջության կամ աշխատանքի վրա: Նույնիսկ նրանց դիմակներ էինք ուղարկել այլ գրասենյակներից:
Այնուհետեւ կատարեցինք անցում աշխատանքի հեռավար ռեժիմի: Անհասկանալի էր, թե ինչպես է այդ ամենն աշխատելու: 600 մարդու աշխատանքն ամբողջությամբ մեկ-երկու օրվա ընթացքում հեռավար ձեւաչափի տեղափոխելը շատ սթրեսային է: Մեկ օրվա ընթացքում Հայաստանի ամենամեծ գրասենյակը պետք էր փակել, քանի որ շենքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի դեպք:
Գործընթացներն, իհարկե, զգալիորեն փոխվել են, կան դրական եւ բացասական կողմեր: Դրականն այն է, որ արտադրողականությունը կտրուկ աճել է, ինչը ազդում է առցանց հանդիպումների եւ արդյունքների որակի վրա: Բացասական է այն, որ մարդիկ ավելի շատ են հոգնում: Մենք պարզապես փակում ենք առցանց հանդիպումները մեկ ամբողջ օրով, մարդկանց ստիպում ենք հանգստյան օրեր վերցնել ու դուրս գալ այդ ռեժիմից:
Մտածում ենք, որ երբ այս իրավիճակն ավարտվի, ստեղծենք հիբրիդային մոդել, որը կենթադրի ավելի ճկուն գրաֆիկ, երբ աշխատակիցները կարող են ընտրել, թե որտեղից պետք է աշխատել: Վերադառնալ հնին այլեւս ճիշտ չի լինի: Այս ընթացքում մենք շատ բան սովորեցինք, արդեն կարող ենք գիրք գրել, թե ինչպես աշխատել առցանց:
***
Այսօր Սիլիկոնային հովտում շատ է խոսվում այն մասին, որ ընկերությունները թանկարժեք հատվածներում գտնվող մեծ կենտրոնական գրասենյակներից կտեղափոխվեն ծայրամասի փոքր գրասենյակներ, որպեսզի մարդիկ աշխատեն այնտեղից, որտեղից ավելի հարմար է:
Ես չգիտեմ, արդյոք մենք կվերցնենք այս փորձը, քանի որ 3-4 տարվա վարձակալության պայմանագիր ունենք եւ այդ պարտավորությունից հրաժարվելը շատ բարդ կլինի, հատկապես Սան Ֆրանցիսկոյում:
Նոր իրավիճակում նաեւ տեղացիներին աշխատանքի ընդունելու ճնշումը կթուլանա եւ հնարավոր կլինի աշխատանքի վերցնել մարդկանց ամբողջ աշխարհից՝ ցանկալի է հարմար ժամանակային գոտիներում:
***
Հիմա լավագույն ժամանակն է ստարտափի հիմքը ստեղծելու համար: Ամեն ինչ էժանանալու է՝ գրասենյակներ, ծառայություններ, աշխատակիցներ:
Եթե ձեզ հարկավոր է անմիջապես գնալ ներդրման հետեւից, ապա, այո, սա ամենալավ ժամանակը չէ: Բայց սովորաբար այդպես չի էլ լինում: Եթե դուք պարզապես ստեղծում եք ստարտափ, միանգամից չեք գնում ներդրման հետեւից: Պետք է 5-6 ամիս աշխատեք, լավ պրոդուկտ ստեղծեք, շուկա դուրս գաք եւ միայն դրանից հետո գնաք ներդրման հետեւից:
Եթե ձեր պրոդուկտը լավ աշխատի, եւ կարողանաք այն ճիշտ տեղավորել ներկայիս տնտեսական պայմաններում, ունեք շանսեր ներդրում ստանալու: Չեմ կարծում, որ ներդրում անողներ չեն լինի, նույնիսկ վատ տնտեսական պայմաններում այդպես չի լինում: Ուղղակի, մարդիկ, որոնք ներդրում կանեն, նույնպես ավելի քիչ կլինեն:
Ոչ ավելի հեշտ կլինի, ոչ ավելի դժվար: Կլինի ուրիշ: Իհարկե, ներդրողները շատ զգուշավոր կդառնան: Չես կարողանա նրանց հետ անհատապես հանդիպել, ինչը գործը բարդացնում է: Ներդրողները ոչ միայն կնայեն քո պատմությանը, այլեւ ֆինանսներին՝ ավելի ուշադիր, քան առաջ: Այսօր բավական խոշոր ներդրումներ են արվում, բայց շատ ընտրողաբար:
***
Ամենայն հավանականությամբ, դեռ չենք վաճառի ընկերությունը: Իմ ծրագիրն է՝ շարունակել անկախ մնալ, ստեղծել շատ մեծ հարթակ, եւ սկսել ինչ որ պահի մտածել IPO-ի մասին:
Ամբողջական հարցազրույցը հասանելի է այստեղ: