12:20 | 02.07.20 | Նորություններ | 2300
COVID-19-ի իրավիճակով պայմանավորված՝ շատ ֆերմերներ այսօր առավել քան երբեևէ ունեն խորհրդատվության եւ իրենց աշխատանքը այժմյան պահանջներին համապատասխանեցնելու կարիք։
Թումո լաբորատորիաների եւ Garoon Tech-ի համատեղ նախագծի ընթացքում ուսանողները ստեղծելու են տեսողական վերլուծության մոբայլ հավելված, որի միջոցով կարող են բացահայտվել բույսերի հիվանդությունները եւ անբավարարության ախտանիշները։
Սրա օգնությամբ մի կողմից այգեգործությամբ զբաղվողներին հնարավոր կլինի մատչելի տարբերակով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն, օրինակ՝ ինչ տեսակի ու քանակի պարարտանյութեր են անհրաժեշտ տվյալ խնդիրը լուծելու համար, իսկ մյուս կողմից՝ հավելյալ աշխատատեղ կստեղծվի գյուղատնտեսների համար: Հավելվածը սկզբնական փուլում կիրառվելու է Հայաստանում, իսկ որոշ ժամանակ անց նաեւ ԱՊՀ այն երկրներում, որոնք ունեն գյուղատնտեսական նույնանման խնդիրներ եւ շուկա։
Նախագծին մասնակցելու հայտերի ընդունման փուլն արդեն մեկնարկել է։ Կարող են դիմել 18 տարին լրացած ծրագրավորողներ կամ UI/UX դիզայներներ, որոնք ունեն պահանջվող հմտությունները եւ ցանկանում են անցնել հավելվածի ստեղծման բոլոր փուլերով։ Նախագիծը մեկնարկելու է հուլիսի 14-ին, իսկ դիմելու վերջնաժամկետը հուլիսի 6-ն է։ Մանրամասները հասանելի են այստեղ:
Թումո լաբորատորիաներն անվճար կրթական ծրագիր է գիտության, տեխնոլոգիաների եւ ինժեներության ոլորտներում, որը կապում է բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ: Ծրագիրը ներկայացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը:
Համագործակցելով տեղական եւ միջազգային ՏՏ ընկերությունների հետ` Թումո լաբորատորիաներն իրականացնում է նախագծեր, որոնք նախատեսված են 18 տարեկանը լրացած ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար: