13:46 | 30.06.20 | Նորություններ | 14211

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Սիսիանում 10 տարի առաջ գնված կիսակառույցը տուն կդառնա

Սիսիանում ակտիվ շինարարական աշխատանքեր են սկսվել: Շինհրապարակում տանտերերն են, որոնց կյանքի վերջին 18 տարին անցել է 5 տարբեր տներում: Սահակյանների վարձակալած՝ վերջին տան խունացած պատերն ամռանն ավելի տանելի են դարձել, սակայն բազմանդամ ընտանիքը ձգտում է օր առաջ ավարտել շինարարությունն ու կառուցել 10 տարի առաջ գնված կիսակառույցը: 

«Այս կիսակառույց շենքը գնել ենք շուրջ 10 տարի առաջ, սակայն չենք կարողացել կառուցել այն: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո սկսել ենք աշխատանքները: Տանիքն արդեն կառուցել ենք, դուռն ու պատուհանները՝ տեղադրել: Հոսանքի հարցը լուծել ենք, այժմ էլ մնացածն ենք կատարում: Աշխատում եմ հորս եւ ընկերներիս հետ: Լավ տրամադրությամբ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր աշխատում ենք: Ուզում ենք հաջորդ ամանորը նոր տանը նշել»,- ասել է տանտերը՝ Հունան Սահակյանը: 

Հունանի նախաձեռնությանն աջակցում են բնակարանաշինության ծրագրի շրջանակներում գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիներ շարունակ ներդրված ու կիրառվող մեթոդները ժամանակավորապես դադարեցվել են. կամավորական աշխատանքներ չեն իրականացվում՝ համավարակի պարտադրած պայմանների պատճառով: Թեեւ հեռավար կառավարման մեթոդով, բայց կազմակերպվում է շինանյութի մատակարարումը: Գործընթացն էլ գտնվում է գործընկեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:  

«Գործընկերներով ձեր թիկունքին ենք։ Թեեւ այս օրերին փոխվել է միմյանց հետ շփման ձեւը, բայց մեր նպատակը նույնն է, ձգտումն՝ անփոփոխ։ Ծրագիրը պետք է իրականացվի։ Մենք հիմա Երեւան-Սիսիան հեռավորությունը կրճատեցինք տեխնոլոգիաների միջոցով ու տեսազանգով, իսկ երբ ամեն ինչ կարգավորվի՝ նաեւ կհանդիպենք։ Չհուսահատվեք, հակառակը՝ ջանասիրաբար աշխատեք եւ իրականցրեք ձեր երազանքը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ստեղծվել է մի վիճակ, որը համատարած է ամբողջ աշխարհում: Դրա հետ մենք արդեն համակերպվել ենք, սակայն աշխատանքների կազմակերպման գործընթացը չպետք է տուժի: Ձգտում ենք ժամանակին տեղ հասցնել շինանյութը եւ ակնկալում, որ մինչեւ տարեվերջ կիրականացնեք ձեր ընտանիքի՝ տարիների երազանքը»,- տեսազանգի ժամանակ ասել է «Հայաստանի Ֆուլեր տբաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում հանրապետության տարբեր մարզերում կլուծվի 37 ընտանիքի բնակարանի խնդիր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարեւոր տեղ է զբաղեցրել անցած տարիների արդյունքի գնահատումը: