16:38 | 20.05.20 | Նորություններ | 2214
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, մայիսի 19-ին հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ:
Նախարար Մանտուրովը, հայկական կողմին հակիրճ ներկայացրել է, մինչ օրս բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները եւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով:
Նախարար Արշակյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարեւորել բարձր-տեխնոլոգիական եւ ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել եւ արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական եւ ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում:
Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Սովետական միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական եւ մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով:
Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:
Հրաժեշտի խոսքում նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմը ընդլայնել է արտադրական հնարավորությունները եւ պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով:
Նախարար Արշակյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով աշխարհը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները եւ մարդիկ կվերադառնան բնականոն կյանքի: