13:16 | 13.05.20 | Նորություններ | 12849

Անհայտ անձինք Արմավիրում շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանը

Այսօր վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ անհայտ անձը կամ անձինք շարքից դուրս են հանել Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը։

Կտրված են դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասված են կայանի տարբեր մասերը։ Բջջային կայանը տեղակայված է երկրում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարեւանությամբ, որոնք անվնաս են մնացել։

«Շարքից հանված է հենց Ucom-ի շարժական կապն ապահովող բջջային կայանը։ Անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի վնաս են պատճառել ընկերությանը եւ այդ քայլով՝ զրկել Արմավիրում բնակվող մեր բաժանորդներին կապի մեջ մնալու, առցանց կրթվելու եւ աշխատելու հնարավորությունից։ Իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է տրվել, նախաքննությունն ընթանում է, շարժառիթները պարզվում են»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ բջջային կայանների կառուցման եւ տեխնիկական սպասարկման թիմն անմիջապես մեկնել է Արմավիր՝ կայանը վերականգնելու եւ ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու համար։ Ucom ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար։