15:02 | 08.05.20 | Նորություններ | 2920

Ինչո՞ւ չվարել տեխնոլոգիական բիզնես ԱՄՆ-ում՝ ըստ Պավել Դուրովի

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու Միացյալ Նահանգները, մասնավորապես, Սիլիկոնյան հովիտը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես վարելու եւ բնակվելու լավագույն տեղը չէ:

Նա Միացյալ Նահանգներն անվանել է գերագնահատված շուկա, որը պահանջարկ ուներ 10-20 տարի առաջ, բայց ոչ այսօր:

ԱՄՆ-ն, Դուրովի խոսքով, «կոշտ ոստիկանական պետություն» է եւ «բանտերում գտնվող մարդկանց քանակի առումով առաջատար»: Նրա խոսքով, հատուկ ծառայությունների ճնշմանը ենթարկվել են ինչպես իր ծանոթները, այնպես էլ ինքը՝ չորս տարի առաջ ԱՄՆ կատարած այցի ընթացքում:

Դուրովը քննադատել է նաեւ ԱՄՆ-ի առողջապահության համակարգը, այն անվանելով անարդյունավետ եւ թանկ, ինչի պատճառով շատ էմիգրանտներ էժան բուժման համար թռչում են Արեւելյան Եվրոպա: Ամերիկացիների առողջությունն էլ է վտանգված, քանի որ մարդիկ տառապում են ավելորդ քաշից՝ կապված «թույլ կարգավորվող սննդի արդյունաբերության, սննդի ընդունման վատ մշակույթի եւ սթրեսի հետ»:

Դուրովը նաեւ չի կարծում, որ ԱՄՆ-ն ունի զարգացած մշակույթ: Նրա խոսքով, «Սիլիկոնային հովիտը սահմանափակ մշակութային կյանք ունեցող մի քանի գյուղից է կազմված», իսկ մոտակա քաղաքում՝ Սան Ֆրանցիսկոյում, շատ են հանցագործությունները եւ կան մեծ թվով անօթեւաններ: «Նշեմ, որ Սան Ֆրանցիսկոն միակ վայրն է իմ ճանապարհորդությունների պատմության մեջ, որտեղ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում իմ վրա հարձակում են գործել»:

Մյուս խնդիրը, Դուրովի խոսքով, այն է, որ Միացյալ Նահանգները չի փայլում միջնակարգ կրթության որակով. «ԱՄՆ-ն դպրոցներում մաթեմատիկայի դասավանդման վարկանիշում 38-րդն է՝ 79 երկրների շարքում», - գրել է նա, հավելելով, որ ծրագրավորման լոկալ առաջնություններում հաղթողներ են դառնում էթնիկ չինացիները, որոնք կրթություն են ստացել հայրենիքում եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Ձեռներեցներին, որոնք երազում են տեղափոխվել Սիլիկոնային հովիտ, Դուրովը նախազգուշացրել է բարձր հարկերի մասին: «Միացյալ Նահանգները մեծ հարկերի երկիր է, եւ Կալիֆոռնիայի բնակիչները իրենց վաստակածի կեսից ավելին տալիս են պետությանը»: Նրա խոսքով, Արեւելյան Եվրոպայում նման հարկերը շատ ավելի ցածր են, քան Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄԷ-ի պես երկրներում դրանք ամբողջովին զրոյական են:

Բացի այդ, ըստ Դուրովի, ԱՄՆ-ում տեղացի ծրագրավորողներն իրենց ծառայությունների դիմաց շատ գումար են պահանջում: «Նրանք իրենց թանկ են գնահատում եւ հաճախ անկարող են կենտրոնանալ աշխատանքի վրա՝ արտասահմանյան առաջարկների եւ գաղափարների հոսքի պատճառով», - գրել է նա:

Արդյունքում, էմիգրանտները նախընտրում են աշխատել Եվրոպայից ծրագրավորողների եւ դիզայներների հետ, ինչը բարդ է, քանի որ գոտիների միջեւ 10 ժամվա տարբերություն կա: