12:47 | 07.05.20 | Նորություններ | 2163

Տեխնոլոգիական ոլորտը դրամաշնորհներ կստանա՝ COVID-19-ի հետեւանքների չեզոքացման համար

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ասել է, որ նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական իրավիճակը բացասաբար է ազդել նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծառայող ընկերությունների վրա:

«Նախարարությունը հարցում է իրականացրել 185 ընկերությունների շրջանակում, որի արդյունքում պարզվել է, որ նրանց 54%-ի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել: Իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների միջինում 45%-ի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից, կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որը ոլորտի տնտեսվարողներին դրամաշնորհային փաթեթներ կտրամադրի:

Դրամաշնորհները կտրամադրվեն 3 ուղղությամբ՝

Նորարարական դրամաշնորհներ՝ 10 մլն դրամ, կտրամադրվի վերջին 2 տարում  Հայաստանում գրանցված եւ պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներին:

Կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ 20 մլն դրամ, կտրամադրվի 2 տարուց ավելի գրանցված եւ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ:

Համաֆինանսավորման դրամաշնորհներ՝ 100%-ի չափով համաֆինանսավորում,  սակայն ոչ ավել քան 30 մլն դրամ, կտրամադրվի տեխնոլոգիական ընկերություններին, որոնք  կներգրավեն փաստաթղթավորված եւ հաստատված ներդրումներ:

Հակոբ Արշակյանը հավելել է, որ դրամաշնորհների համար ներկայացված հայտերի գնահատումը կիրականացնի մասնագիտական մրցութային անկախ հանձնաժողովը, որը կազմված  կլինի ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։