11:38 | 04.05.20 | Նորություններ | 1431

Կառավարությունում քննարկել են COVID-19-ի համատեքստում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում նախօրեին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։

Քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտի կազմակերպությունների բնականոն աշխատանքի վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատման նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքները եւ առաջացած խնդիրների լուծման տարբերակներ։

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է եղել օժանդակության մեխանիզմներին, զարգացման տրամաբանություն ունեցող գործիքների կիրառմանը, երկարաժամկետ ռազմավարական մեխանիզմների ներդրմանը եւ այլ հարցերի։ Ներկայացվել են մի շարք դիտարկումներ ու առաջարկներ։

Վարչապետը նշել է, որ պետական օժանդակության գործիքակազմով տեխնոլոգիական ոլորտի խթանումը կարեւոր է ոչ միայն ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծման, այլեւ Հայաստանի տեխնոլոգիական գերակայությունների առաջմղման համատեքստում։ Նա հանձնարարել է քննարկման արդյունքներով մշակել օժանդակության, ինչպես նաեւ երկարաժամկետ զարգացման մեխանիզմների առաջարկներ։