15:23 | 23.04.20 | Նորություններ | 2063

IBM-ի ղեկավարը խոսել է COVID-19-ի ստեղծած խնդիրների եւ ընկերության բիզնես տեսլականի մասին

IBM ընկերության գործադիր տնօրեն Արվինդ Կրիշնան պատմել է համավարակի շրջանում ընկերության գործունեության եւ բիզնես տեսլականի մասին:

ZDNet-ի փոխանցմամբ, Կրիշնան նշել է, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում հաճախորդները գերադասում են նվազեցնել ծախսերը, ինչը, նրա խոսքով, ժամանակավոր խնդիր է:

IBM-ի ղեկավարն ասել է, որ չնայած առկա խնդիրներին, հզոր տեխնոլոգիաներն ավելի արագ են վաճառվում:

«Իմ մոտեցումը հետեւյալն է. կենտրոնանալու եմ ընկերությունն ավելի արժեքավոր դարձնելու վրա: Այդ իսկ պատճառով մենք կաշխատենք IBM պրոդուկտների, հիբրիդային ամպային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության լուծումների փոխգործակցությունը բարելավելու ուղղությամբ, նպատակ ունենալով լուծել շուկայի պահանջների փոփոխության արդյունքում պատվիրատու ընկերությունների առաջադրանքները»,- նշել է նա:

IBM-ի ղեկավարն ասել է, որ, որպես ընկերության նոր ղեկավար, ամեն ինչ կանի աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների եւ ներդրողների համայնքի հանդեպ բաց եւ թափանցիկ լինելու համար:

Արվինդ Կրիշնան հավելել է, որ չնայած անորոշությանը, ընկերությունը կշարունակի ներդրումներ կատարել հետազոտություններում եւ մշակումներում, ինչպես նաեւ չի դադարեցնի տարբեր ընկերություններ գնելու գործընթացը: Նրա խոսքով, IBM-ի ռազմավարության հիմքում ամպային տեխնոլոգիաներն են եւ արհեստական բանականության լուծումները: