16:15 | 20.04.20 | Նորություններ | 1625

Facebook-ը COVID-19-ի մասին կեղծ գրառումների դեմ պայքար է սկսում

Facebook-ը կսկսի ծանուցումներ ուղարկել այն օգտատերերին, որոնք հարթակում հանդիպում են կորոնավիրուսի մասին ոչ ստույգ տեղեկատվության:

Ընկերությունը հայտարարել է, որ եթե օգտատերը հավանի, տարածի կամ մեկնաբանի այնպիսի գրառում, որը հետագայում ճանաչվի որպես կորոնավիրուսի մասին ոչ ճշգրիտ տեղեկատվություն պարունակող, ապա այդ մասին ծանուցում կստանա:

Խոսքը վերաբերվում է այն գրառումներին, որտեղ խոսվում է բուժման սխալ մեթոդների մասին, կամ ներկայացվում են պնդումներ այն մասին, որ սոցիալական հեռավորությունը պայքարի ոչ արդյունավետ ձեւ է: Արդյունքում, Facebook-ի կանոններին համապատասխան, նման գրառումները կջնջվեն հարթակից:

Հատկանշական է, որ Facebook-ը չի ջնջի ապատեղեկատվություն պարունակող այլ տիպի, այդ թվում՝ դավադրության տեսություններ պարունակող գրառումներ: Նման դեպքերի համար փաստերի ստուգման կողմնակի համակարգեր են աշխատում: Եթե դրանց կողմից գրառումը կեղծ տեղեկատվություն պարունակող որակվի, ապա գրառման մոտ կհայտնվի նախազգուշացնող նշան եւ այն հնարավոր չի լինի տարածել: