17:08 | 17.04.20 | Նորություններ | 7204

«Արմաթ»-ը շուրջ 50 բուժհաստատության դիմավահաններ է տրամադրել

«Արմաթ» կրթական ծրագրի խմբավարների կողմից օրերս ստեղծվել է առցանց քարտեզ, որով հնարավոր է հետեւել դիմավահանների պատրաստման ու տրամադրման վիճակագրությանը։

Արտակարգ դրության պայմաններում առկա 575 Արմաթ ինժեներական լաբորատորիաների 98 տոկոսն իրականացնում է հեռավար ուսուցման դասընթացներ:

Միեւնույն ժամանակ, ապահովելով անվտանգության անհրաժեշտ բոլոր պայմանները` գործող 575 Արմաթ ինժեներական լաբորատորիաների գործիքակազմի կիրառմամբ, 72 խմբավարներ պատրաստել եւ Հայաստանի բոլոր մարզերի (այդ թվում՝ Արցախի) ու Երեւան քաղաքի շուրջ 50 բուժահաստատություններին, ինչպես նաեւ Ջավախքի 4 բուժկենտրոններին, անհատույց կարգով հանձնել են 2600 դիմավահան։ Վերջիններս միտված են օգնելու առավել վտանգավոր միջավայրերում աշխատող բժիշկներին կանխարգելել կորոնավիրուսի տարածումը:

Ինչպես նշում են պատասխանատուները, գործընթացում խուսափել են ներգրավել «Արմաթի» սաներին՝ ելնելով նրանց ռիսկի չենթարկելու նպատակադրումից։ Անհրաժեշտության դեպքում սաներից շատերը կարող էին ինքնուրույն իրականացնել դիմավահանների պատրաստման աշխատանքները՝ հենվելով «Արմաթում» ձեռք բերած գիտելիքի վրա:

««Արմաթն» ապացուցեց, որ իր կոնցեպցիան գործուն է ու ճիշտ։ Լաբորատորիաների բաշխվածությունը հանրապետությունով մեկ թույլ է տալիս ոչ միայն որակյալ կադրեր պատրաստել բոլոր մարզերում, այլեւ արտակարգ իրավիճակներում թե՛ «Արմաթի» տված գիտելիքը, թե՛ գործիքակազմն օգտագործել հասարակության բարօրության համար»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Արմաթ» լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը ձեռնարկել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ): 2020թ. հունվարի դրությամբ Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) եւ Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։