15:34 | 16.04.20 | Նորություններ | 25824

Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է

Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն, ասվում է «Յուքոմ» ՓԲԸ մեծամասնական բաժնետերերի կողմից ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ, որին կից ներկայացված է համապատասխան փաստաթղթի քաղվածքը։

Հաղորդագրության մեջ ասված է.

«Ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։

Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։ Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։

Նշենք, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում եւ չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճեն բերված է հաջորդիվ)։

Ucom-Decision

Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարեւոր է համարում ընդգծել, որ.

Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում եւ ազատում է Տնօրենների խորհուրդը։

Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը եւ իր կողմից լիազորված անձինք։

Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը»:

Արա Խաչատրյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել է Լոնդոնի «Բիզնես դպրոցում» եւ ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA): Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական եւ կառավարման ինստիտուտներից։


Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարման խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։