13:06 | 09.04.20 | Նորություններ | 2089

ԲՏԱ նախարարությունն ամփոփել է ԹԱՕ սարքերի վերաբերյալ առաջարկները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների եւ առաջարկների հավաքագրման գործընթացը։

Ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել եւ մշակվել են։

Մշակված հայտերի 10%-ը՝ 23 հայտ, վերաբերում է անսարք վիճակում գտնվող համակարգերի նվիրաբերությանը:

Արդեն հավաքագրվել են 10 նման սարքեր, որոնք «Ինժեներական քաղաքի» մասնագետների շնորհիվ ստանում են երկրորդ կյանք եւ ամբողջապես պատրաստ են օգտագործման:

Ներկայացված գաղափարների 17%-ը՝ 40 հայտ, Հայաստանի արտադրական գործարանների, ինժեներական կայացած ընկերությունների, համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների կողմից է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու թոքերի օդափոխման սարքերի նախագծման եւ թեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի, դետալների, ֆորմաների եւ բաղադրիչների արտադրության գործում, ինչը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ստանալու անհրաժեշտ այն բաղադրիչներն եւ դետալները, որոնք նախկինում պետք է ներկրվեին այլ երկրներից:

Առաջարկների 16%-ը՝ 37 հայտ, ստացվել են հայ ինժեներներից՝ ռադիոինժեներներից մինչեւ նանոէլեկտորնիկայի մասնագետներ։ Նրանք պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել բժշկական սարքավորումների ուսումնասիրման, նախագծման, սարքերի վերանորոգման եւ դետալների արդիականացման գործում,անհրաժեշտության դեպքում՝ ստեղծել ինժեներական խմբեր կամ միանալ արդեն առկա նախագծող եւ արտադրական խմբերին՝ աջակցելով ինժեներական լուծումների, նախագծման եւ արտադրության գործում:

Ստացած առաջարկների 58%-ը վերաբերում է միջազգային փորձի ուսումնասիրությանը, միջազգային ստանդարտներին համապատասխանող նախագծերի ներկայացմանը, նորագույն սարքավորումների եւ ընկերությունների ներկայիս իրավիճակին:

Հայաստանի տեխնոլոգիական 10 ընկերությունների կողմից էլ ստացվել են ծրագիր-առաջարկներ՝ թոքերի օդափոխման սարքերի, ստերիլիզացիոն եւ շնչառական ապարատների, օզոնատորների եւ ուլտրամանուշակագույն պաշտպանիչ շերտերի արտադրություն սկսելու վերաբերյալ:

Իրենց աջակցությունն են առաջարկել նաեւ մեր հայրենակիցները Լիբանանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից։ Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են օգնություն տրամադրել հայ ինժեներներին՝ ստանալու միջազգային փորձի նմուշներ, մասնագիտական խորհրդատվություններ, հնարավորության դեպքում՝ նաեւ սարքերի դետալների տեխնիկական նկարագրերի հստակեցում: --0--