17:19 | 08.04.20 | Նորություններ | 2042

Ծրագրավորման առցանց դասընթացներ կկազմակերպվեն

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծրագրավորման հիմունքների վերաբերյալ առցանց դասընթացներ կկազմակերպի:

Նախարար Հակոբ Արշակյանն այսօր տեղեկացրել է, որ անցած տարի հայտարարվել էր պետության աջակցությամբ Երեւանում եւ մարզերում ծրագրավորման հիմունքների եւ պրոֆեսիոնալ ծրագրավորման դասընթացների կազմակերպման մասին: Ներկայում, հայտնի պատճառներով որոշվել է վերաձեւակերպել ծրագրերը` դասընթացներն առցանց տիրույթում իրականացնելու համար:

«Ծրագրավորման հիմունքների վերաբերյալ առցանց դասընթացների կազմակերպման մրցույթ կհայտարարենք: Կցանկանայի, որ նման դասընթացների կազմակերպման գործում մասնագիտացած կազմակերպությունները մասնակցեն այդ մրցույթին, հաղթեն եւ քաղաքացիներին մատուցեն այդ ծառայությունը»,- նշել է նա:

Նախարարը նաեւ քաղաքացիներին կոչ է արել օգտագործել այս օրերին առկա ազատ ժամանակը՝ սովորելով ծրագրավորման լեզուներ եւ ձեռք բերելով համակարգչային հմտություններ:

«ՏՏ ոլորտում մենք, իհարկե, կորոնավիրուսի հետ կապված որոշակի դժվարություններ ունենք, սակայն, օրինակ, անցած տարի 37 տոկոս աճ ենք արձանագրել: Հայաստանում այս ոլորտի մասնագետների պակասը զգացվում է եւ ապագայում եւս զգացվելու է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: