11:30 | 06.04.20 | Նորություններ | 1802

Ներկայացվել է Covid-19 Armenia մոբայլ հավելվածը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը:

Հավելվածը ստեղծվել է Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից: AC19 հավելվածի (որը այլեւս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia:

Covid-19 Armenia-ն հասանելի է Google Play-ում եւ AppStore-ում: Տիգրան Ավինյանի խոսքով, հավելվածի ամենակարեւոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է:

«Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը եւ անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները եւ կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարեւոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Հավելվածում նաեւ ներկայացված են վերջին նորությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ՝ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը եւ այլն:

Հավելենք, որ Covid-19 Armenia-ում օգտատերերը կարող են լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը: