16:13 | 27.03.20 | Նորություններ | 80032
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:
45 րոպե տեւողությամբ դասաժամի ընթացքում մասնավորապես անդրադառնալով առողջապահության եւ տեխնոլոգիայի կապին, նախագահն ասել է, որ պատմության ընթացքում այս երկու ճյուղերը միշտ գոյատեւել են միասին:
«Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի եւ ինֆորմացիայի հետ։ Դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական եւ բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ Տեխնոլոգիան մշտապես սնվել է առողջապահությունից. առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»,- ասել է նա:
Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին:
«Բժիշները պետք է մտածեն եւ առանձին հոդվածի ձեւով ձեւակերպեն, թե որո՞նք են մեր առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերները, եւ երկրորդը, թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը: Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաեւ երրորդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձեւակերպենք հետեւյալ ձեւով՝ պահպանենք եւ պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է... Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները՝ «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում»,- ընդգծել է նա:
Հանրապետության նախագահը հավելել է, որ լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի: