13:36 | 24.03.20 | Նորություններ | 1938
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության կողմից ներդրված եւ գործարկված «911ՍՕՍ» անվճար մոբայլ հավելվածը կհեշտացնի կապը «911» ծառայության հետ:
Այն կարելի է ներբեռնել Google Play-ից եւ AppStore-ից:
Հավելվածը կարող է օգնել հատկապես այն քաղաքացիներին, որոնք ունեն սահմանափակ կարողություններ (խուլուհամրեր, տարեց մարդիկ եւ այլն): Այն թույլ է տալիս մեկ հպումով կապ հաստատել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայության հետ՝ հնարավորություն տալով վերջինիս տեղորոշել զանգ կատարողին:
Եթե զանգ կատարողը նախապես գրանցված է եղել «911ՍՕՍ» հարթակում, ապա «911»-ի զանգ ընդունող օպերատորը զանգի հետ կստանա նաեւ այլ տեղեկություններ ահազանգողի մասին, որը կօգնի առավել հասցեական եւ համարժեք արձագանք տալ տվյալ անձին:
«Սօս Սիսթեմս» ընկերության տնօրեն Վահագն Ծատուրյանի խոսքով, հավելվածը կարող է օգտագործվել մեկուսացված անձանց կողմից՝ մեկուսացման ռեժիմը վերահսկելու հարցում:
«Մեկուսացված անձինք հավելվածի միջոցով որոշակի պարբերականությամբ կարող են տեղեկություն ուղարկել օպերատորներին իրենց գտնվելու վայրի մասին՝ ընդամենը մեկ հպումով: Բացի այդ, հավելվածն ընձեռում է նաեւ թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ, օրինակ՝ որեւէ կոնկրետ գոտում գտնվող բոլոր օգտատերերը միաժամանակ կարող են տեղեկատվություն ստանալ տվյալ գոտում գրանցված պատահարի կամ իրավիճակի եւ անհրաժեշտ վարքականոնների մասին»,- ընդգծել է Վահագն Ծատուրյանը:
«Սօս Սիսթեմս» ընկերությունում նշել են, որ պատրաստ են անհրաժեշտության եւ պահանջ առաջանալու դեպքում հավելվածը համալրել այլ անհրաժեշտ գործիքներով, որոնք կհեշտացնեն համապատասխան պետական մարմինների աշխատանքը՝ արտակարգ դրության պայմաններում: