09:51 | 23.03.20 | Նորություններ | 85287

Ucom. Վրաստանում վնասվել են ՀՀ ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական եւ պահուստային կապուղիները

Մարտի 22-ին ժամը 13:00 սահմաններում Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետեւանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին:

Ucom ընկերությունը հայտարարել է, որ վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է: Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ եւ վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին եւ Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից:

Ucom ցանցը սնվում է ռեզերվային կապուղիներից, որոնց թողունակությունը թույլ է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից սովորական ռեժիմով: Ընկերությունում նշել են, որ վթարի ազդեցությունը այսքան նկատելի չէր լինի, եթե վերջին օրերին, արտակարգ դրության հետ պայմանավորված, չգրանցվեր ինտերնետի օգտագործման շեշտակի աճ:

Արտակարգ դրության այս պայմաններում Ucom ընկերությունը քաջ գիտակցում է` ինչ կարեւոր դեր ունի ինտերնետը, եւ հավաստիացնում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ ինտերնետ հասանելիությունը անխափան պահելու համար: Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ: