13:46 | 16.03.20 | Նորություններ | 3216

Mobile ID-ն թույլ կտա ստորագրել բոլոր փաստաթղթերն՝ առանց տանից դուրս գալու

Այս օրերին ակտիվորեն խրախուսվում է հնարավոր բոլոր գործարքները կատարել առցանց, սակայն առցանց միջավայրում գործարքներ իրականցնելիս անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգությունը եւ անձնական տվյալների պաշտպանվածությունը:

Հենց այդ նպատակով Հայաստանում վերջին տարիներին ներդրվել է Mobile ID (mID) գործիքը, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով անցնել նույնականացում եւ ստորագրել էլեկտրոնային փաստաթղթերը առանց հատուկ սարքավորումների եւ նույնականացման քարտի: Միայն բջջային կապն ու ակտիվացված mID ծառայությունը լիովին բավարար են օգտվելու ծառայությունից՝ անկախ ստորագրողի գտնվելու վայրից:

Գործիքը Հայաստանում ներդրվել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի (ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի), «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի եւ բջջային օպերատորների ջանքերով:

mID ծառայության խթանող ուժ հանդիսանում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային ծառայությունները եւ առցանց ծառայություններ մատուցող բոլոր ֆինանսական ընկերությունները, որոնց թվում են բանկերը, ՈւՎԿ-ները, ապահովագրական ընկերությունները եւ այլն:

Գործիքն ապահովում է հասանելիություն ամենուրեք, այդ իսկ պատճառով հնարավոր է ցանկացած պահի հաստատել կամ ստորագրել անհրաժեշտ փոխանցումները եւ փաստաթղթերը: Համակարգը նվազագույնի է հասցնում պետական կառույցներ այցելելու ժամանակը եւ թույլ է տալիս առցանց տիրույթում իրագործել անվտանգ գործառույթներ:

Mobile ID-ին առնչվող մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել՝ 010590330: