15:18 | 12.03.20 | Նորություններ | 8048

Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել եւ կահավորվել է Աշտարակի ստարտափ ակումբը

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» ծրագրի ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել եւ կահավորվել է Աշտարակի Ստարտափ Ակումբը։

«Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները եւ նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Գավառում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։

Աշտարակի ստարտափ ակումբի տարածքի վերանորոգումը, նոր կահավորանքը հնարավորություն կտան կրթական ծրագրի երկրորդ փուլին մասնակցող քսանից ավելի դեռահասներին անցկացնել դասընթացները գունագեղ մթնոլորտում։ Տրամադրող աշխատանքային եւ խաղային միջավայրը կխթանի պատանիների ներգրավվածությունն ու եռանդը, եւ նրանք ակտիվորեն կբացահայտեն դիզայն մտածողության եւ ստարտափ էկոհամակարգի առանձնահատկությունները, կծանոթանան բիզնես ոլորտի գործունեությանը, խմբեր կկազմեն, ուսումնասիրություններ, փորձարկումներ կկատարեն եւ մարզիչների աջակցությամբ կզարգացնեն իրենց ստարտափ գաղափարները:

«Աշտարակի ստարտափ ակումբը նոր շունչ է առել եւ պատրաստ է ընդունել մասնակիցներին  երկրորդ փուլի շրջանակներում։ Մենք վստահ ենք, որ ակումբի նոր տեսքը եւ ձեւավորումը դրական ազդեցություն կունենան պատանիների վրա, եւ նրանք ավելի մեծ հաճույքով կմասնակցեն դասընթացներին»,- ընդգծել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք շատ կարեւորում ենք այս նախագիծը, քանի որ համարում ենք, որ բիզնես գիտելիքները լավ է ստանալ երիտասարդ տարիքում, դա օգնում է ճիշտ մտածելակերպ ձեւավորել եւ մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը: Ուրախ ենք, որ մեր մասնակիցները կարող են սովորել գեղեցիկ եւ հարմարավետ պայմաններում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» նախաձեռնության ռազմավարական գործընկերն է: