11:23 | 10.03.20 | Նորություններ | 8611

42 Երեւան դպրոցը մեկնարկում է ծրագրավորման անվճար դասընթացների գրանցումը

42 Երեւան ծրագրավորման անվճար դպրոցը, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին, արդեն ընդունում է գրանցման հայտեր:

Դպրոցում կարելի է ուսումնասիրել հետեւյալ ուղղությունները՝ արհեստական բանականություն, կիբեր անվտանգություն, հավելվածների եւ խաղերի ստեղծում, ցանցեր եւ ամպային տեխնոլոգիաներ, կրիպտոգրաֆիա, համակարգչային գրաֆիկա, կայքերի ստեղծում, տվյալագիտություն, ցանցային ադմինիստրացիա: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի՝ Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան, Ամստերդամը եւ 16 այլ քաղաքներ՝ ամբողջ աշխարհում:


42-ի կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցման պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ եւ կատարելագործում իրենց հմտությունները թիմային աշխատանքով:

Ուսումնական պլանը առաջարկում է 100-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Ուսանողներին սպասում է կրթական 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում եւ պրակտիկա: Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

42 Երեւանում ուսումն ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր եւ պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի:

Հավելենք, որ մարտի 12-ին, ժամը 18:30 Թումո Երեւանում կանցկացվի 42 Երեւանին նվիրված տեղեկատվական հանդիպում: