15:54 | 05.03.20 | Նորություններ | 3269

Երեւանում խոսել են երեխաների կիբեռանվտանգության ապահովման տեխնոլոգիաների մասին

«Կասպերսկի» ընկերությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր Երեւանում կազմակերպել են «Մեծահասակները եւ երեխաները թվային աշխարհում» կրթական սեմինարը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Սեմինարը վարել է «Կասպերսկի» ընկերության բովանդակության առաջատար վերլուծաբան Անդրեյ Սիդենկոն, որի պատասխանատվության գոտում են բովանդակության զտման եւ մանկական առցանց անվտանգության տեխնոլոգիաները։

Նա ինֆորմատիկայի ուսուցիչ է (Մոսկվայի մարզ) եւ «Ռուսաստանի տարվա ուսուցիչ 2013» մրցույթի բացարձակ հաղթողը։ Անդրեյ Սիդենկոն սեմինարի մասնակիցներին ներկայացրել է «Կասպերսկի» ընկերության «Մեծահասակները եւ երեխաները թվային աշխարհում» հետազոտությունը, ընկերության՝ թվային միջավայրում երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված կրթական նախաձեռնությունները եւ «Ինչպե՞ս չհավատալ ֆեյքերին համացանցում» թեմայով ուսումնական պարապմունքի օրինակը։

«Այս սեմինարի ընթացքում մանկավարժներին ամբողջական տեղեկատվություն տրամադրվեց «Կասպերսկի» ընկերության՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության ժամանակակից լուծումների եւ տեխնոլոգիաների մասին։ Համոզված եմ, որ կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ այնուհետեւ երեխաներին փոխանցված գիտելիքները կօգտագործվեն նաեւ նրանց հետագա աշխատանքային կյանքում՝ արդեն նաեւ աշխատավայր կազմակերպությունները եւ այդպես նաեւ երկիրը կիբեռսպառնալիքներից զերծ պահելու առումով»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը: