11:05 | 04.03.20 | Նորություններ | 2616

«Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով Հայաստանն աշխարհում 10-րդն է

2019թ. Հայաստանում բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,16%-ը, որը 10-րդ ցուցանիշն է աշխարհում։

2018թ. նման գրոհների բախվել է մոբայլ օգտատերերի 0,51%-ը, իսկ 2017թ.՝ 0,12%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Դրանց համաձայն՝ 2019թ. մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Ռուսաստանի օգտատերերը (0,72%): ՌԴ-ն երեք տարի անընդմեջ առաջատարն է այդ ցուցանիշով, որտեղ տրոյացիների տարբեր ընտանիքներ «մասնագիտացված» են ռուսական բանկերի հավելվածներից օգտատերերի հաշվառման տվյալների գողության մեջ։ Տրոյական նման ծրագրերն արդիական են նաեւ այլ երկրների համար։ Այսպես, տրոյացիների Asacub ընտանիքը թիվ մեկ սպառնալիք է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Տաջիկստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում։


Բանկերի հավելվածներից տվյալների գողության համար մոբայլ տրոյական ծրագրերը դրանց ինտերֆեյսի (միջերես) վրայից ցույց են տալիս իրենց կեղծ ինտերֆեյսը, որտեղ էլ ոչինչ չկասկածող օգտատերը մուտքագրում է բանկային քարտի տվյալները՝ հնարավոր դարձնելով տրոյացու հեղինակի կողմից գումարի անօրինական դուրսգրումը։ Այդ վնասաբեր ծրագրերը նաեւ հաճախ ձեռք են գցում բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։

Բանկային եւ այլ մոբայլ տրոյացիներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին Google Play-ն է, եւ սարքի կարգավորումներում արգելել կողմնակի աղբյուրներից  ծրագրային ապահովման տեղադրումը։ Հարկ է նաեւ չմոռանալ համակարգի եւ հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանք վերացնում են խոցելիությունները, որոնցից օգտվում են կիբեռհանցագործները։  

Խորհուրդ է տրվում չանցնել էլեկտրոնային փոստի, SMS-ների, մեսենջերների եւ սոցիալական ցանցերի կասկածելի հղումներով եւ հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկ է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս եւ կանոնավոր կերպով ստուգել համակարգը։