15:52 | 02.03.20 | Նորություններ | 2332

Game Developers Conference-ը հետաձգվել է՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով

Խաղերի մշակմանը նվիրված տարվա ամենախոշոր միջոցառումներից Game Developers Conference-ը (GDC 2020), որը պետք է կայանար մարտի 16-20-ը Սան Ֆրանցիսկոյում, հետաձգվել է անորոշ ժամանակով, հայտարարել են կազմակերպիչները:

Թեեւ չեղարկման հստակ պատճառը չի նշվում, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կապված է կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի հետ:

Միջոցառումը, հնարավոր է, կայանա ամռանը: Կազմակերպիչների խոսքով, GDC 2020-ի չեղարկումը բավական բարդ որոշում էր, քանի որ նախապատրաստական հսկայական աշխատանքներ էին տարվել: Մասնակիցները հետ կստանան մասնակցության համար վճարված գումարները:

Մինչ միջոցառման չեղարկումը, կոնֆերանսին մասնակցությունից հրաժարվել էին Sony-ն, Microsoft-ը, Google-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերով պայմանավորված, վերջերս չեղարկվեց եւս մեկ խոշոր տեխնոլոգիական միջոցառում՝ Mobile World Congress (MWC)-ը, որը նախատեսված էր անցկացնել Բարսելոնայում՝ փետրվարի 24-27-ը: